11/15/2019

Ովքե՞ր եւ ի՞նչ ճանապարհով են 2014-17 թթ. Սյունիքում կատարել սեփականության վերաբաշխում

Ովքե՞ր եւ ի՞նչ ճանապարհով են 2014-17 թթ. Սյունիքում կատարել սեփականության վերաբաշխում

(Մի անմեղ պատվիրան թիվ 12 ընտրատարածքից ԱԺ պատգամավորներ Արմեն Խաչատրյանին, Կարեն Համբարձումյանին, Տիգրան Կարապետյանին, Սրբուհի Գրիգորյանին, Սերգեյ Բագրատյանին եւ Նաիրա Զոհրաբյանին)

Հարգելի պատգամավորներ

Սյունիքում ուրախությամբ ընդունեցին տեղեկատվությունն այն մասին, որ կառավարությունը ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին:

Ե՛վ օրինագիծը, ե՛ւ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը (այդ օրինագծի վերաբերյալ) հույս են ներշնչում, որ, ի վերջո, կբացահայտվեն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության իրական բաժնետեր կազմակերպությունները եւ բաժնետեր կազմակերպությունների սեփականատերերը՝ անուն առ անուն, եթե անգամ նրանք գրանցված լինեն օֆշորների խորխորատներում եւ դիմակավորված լինեն ամենաարդիական դիմակներով:

Հավատացեք, դա հիրավի հեղափոխական օրինագիծ է հատկապես Սյունիքի մարզի համար:

Դա այն եզակի օրենքն է, որը հնարավորություն կընձեռի Սյունիքում ամբողջապես վերականգնել պետական եւ սահմանադրական կարգն ու վերջակետել հայտնի ավազակախմբի գործունեությունը մեր լեռնաշխարհում:

Սակայն այդ օրենքը պռատ կլինի եւ չի ծառայի բուն նպատակին, եթե հանքերի իրական տերերին դիմակազերծելուց հետո օրենքի ուժով չպահանջվի պարզաբանում լեռնահանքային ձեռնարկությունների բաժնետերերից առ այն, թե ով եւ ինչ ճանապարհով ու ինչ միջոցներով է դարձել հանքարդյունաբերական ձեռնարկության  բաժնետեր:

Բանն այն է, որ 2014-17 թթ. Սյունիքում եւ հատկապես  «Զանգեզուրի ՊՄԿ»  ՓԲԸ- ում տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում:

Տարբեր վարկածներ են շրջանառվում մարզում այն մասին, թե ինչ եղանակով է կատարվել սեփականության վերաբաշխումը:

Ավելի իշխող է այն տեսակետը, թե Քաջարանի կոմբինատի բաժնետոմսերի վերաբաշխումը կատարվել է բռնազավթման միջոցով:

Որպեսզի այդ կասկածները փարատվեն, որպեսզի նոր բաժնետերերը հանրության կողմից ընկալվեն իբրեւ լեգիտիմ սեփականատերեր եւ արժանանան հանրության հարգանքին ու վստահությանը, անհրաժեշտ է օրենքում ամրագրել հստակ պահանջ՝ ով եւ ինչ ճանապարհով ու ինչ միջոցներով է դարձել ընդերք օգտագործող ընկերության բաժնետեր (սեփականատեր):

Հարգելի պատգամավորներ

Հազարավոր սյունեցիների անունից պատվիրան ենք հղում ձեզ՝ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը խորհրդարանում քննարկելիս նկատի ունենալ լրջագույն այդ խնդիրը:

Հակառակ պարագայում, ներող եղեք, կնշանակի, որ դուք նույնպես (ձեր կամքից անկախ) կանաչ ճանապարհ եք բացում Սյունիք ներխուժած գաղութարարների համար եւ չեք պաշտպանում սեփականության անձեռնմխելիությունը մեր երկրամասում, որն ամրագրված է ե՛ւ ՀՀ սահմանադրությամբ, ե՛ւ միջազգային բազմաթիվ փաստաթղթերով:

 

Հարգանքով՝ Սամվել Ալեքսանյան

26 փետրվարի 2019 թ.

 

 

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: