04/26/2019

Որքա՞ն արժե սանավիացիայի ուղղաթիռով մեկ պացիենտի տեղափոխումը. փորձագետները նշում են բարձր գների մասին

Որքա՞ն արժե սանավիացիայի ուղղաթիռով մեկ պացիենտի տեղափոխումը. փորձագետները  նշում են բարձր գների մասին

Մեկ պացիենտին սանիտարաավիացիոն ծառայության ուղղաթիռով տեղափոխելը պետբյուջեի վրա կարող է 1 մլն դրամ նստել։ Այս մասին տեղեկացրել է Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ Գեւորգ Գրիգորյանը ապրիլի 15-ի մամուլի ասուլիսում։

Համաձայն Գրիգորյանի ներկայացրած «Արմենիան հելիկոպթերս» ընկերության գների՝ ուղղաթիռի շահագործման 1 րոպեի արժեքը, ներառյալ շարժչի գործադրումն ու կանգ առնելը, կազմում է 14500 դրամ։ Այսպիսով, մեկ պացիենտի տեղափոխումը հանրապետության մարզերից կարող է 1 մլն դրամ արժենալ։ Հաշվի առնելով այն, որ, օրինակ, թռիչքի տեւողությունը Սյունիքի մարզի Ագարակ քաղաքից մինչեւ Երեւան կազմում է 2 ժամ 50 րոպե, այդ գումարը կարող է աճել։

Գոյություն ունեն կորպորատիվ առաջարկություններ, որոնք նախատեսում են որոշ զեղչեր։ Այսպես, մեկ օրացուցային տարում թռիչքի 0-100 ժամ կորպորատիվ փաթեթ ունենալու պարագայում (անկախ այն բանից, թե փաստացի կիրականացվեն արդյոք այդ թռիչքները, թե ոչ), ուղղաթիռի շահագործման 1 րոպեն կազմում է 13150 դրամ, իսկ 200-400 ժամ կորպորատիվ փաթեթ ունենալու դեպքում՝ 11690 դրամ։ Ընդ որում՝ պայմանագրով նախատեսված գումարները պետք է վճարվեն ամեն ամիս։

«Ստացվում է, որ անկախ այն բանից՝ կոնկրետ ամսում կլինի արդյոք ուղղաթիռով փոխադրվելու կարիք ունեցող պացիենտ, թե ոչ, Հայաստանի առողջապահության նախարարությունը պարտավոր է ամեն ամիս վճարել որոշակի գումար։ Ստացվում է, որ մենք քամուն ենք տալիս պետբյուջեի միջոցները։ Ավելի նպատակահարմար կլիներ այդ գումարները ներդնել Հայաստանի մարզերում՝ այնտեղ լավ հիվանդանոցներ ստեղծելով»,- նշել է Գրիգորյանը։

Եվս մեկ հարց է, թե արդյոք համապատասխանում է շահագործվող ուղղաթիռը սանավիացիայի պարամետրերին եւ պահանջներին։ Գրիգորյանը տեղեկացրել է, որ համապատասխան կառույցներ, այդ թվում եւ միջազգային, արդեն հարցումներ են ուղարկվել։ «Մենք սպասում ենք պաշտոնական պատասխանի»,- ասել է նա։

Ավելացնենք, որ սանիտարաավիացիոն ծառայության ուղղաթիռը նախատեսված է ծանր եւ շտապ դեպքերում օգնություն ցուցաբերելու համար։ Կանչի համար առաջին թռիչքը այն կատարել է ապրիլի 8-ին. պացիենտը 13 տարեկան մի տղա էր, որը Հայաստանի հարավում վթարի հետեւանքով բազմաթիվ վնասվածքներ էր ստացել եւ անհապաղ մայրաքաղաք է հասցվել։

med.news.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: