07/23/2019

Առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է մինչև 21 տարեկանների սպորտային պարերի Աշխարհի առաջնությունը

Առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է մինչև 21 տարեկանների սպորտային պարերի Աշխարհի առաջնությունը

Մինչև 21 տարեկանների սպորտային պարերի Աշխարհի առաջնությունը Հայաստան կբերի ավելի քան երեսուն երկրի 170 պարային զույգի: Հնարավոր է` զույգերի թիվը հասնի 200-ի:

Առաջնությունն անցկացվելու է մայիսի 18-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում:
«Մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունը, պատանիների ու մեծահասակների World open շարքի մրցումները վարկանիշային միավորներ են տալու մարզիկներին: Մեծահասակների World Open մրցաշարում նախատեսված է հինգ հազար եվրո մրցանակային ֆոնդ, որը բաժանվելու է առաջին վեց հորիզոնականները զբաղեցրած զույգերի միջև», -մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի (ՀՍՊՖ) արտաքին հարցերի պատասխանատու Ալբերտ Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ մենք բացառիկ հնարավորություն կունենանք վայելել պարային զույգերի տարբեր տարիքային խմբերում, իսկ մրցումները կարող են  խթանել մեր երկրում սպորտային պարերի զարգացմանը:

ՀՍՊՖ-ի գործադիր տնօրեն Սուրեն Մխիթարյանի խոսքով` առաջնության մասնակցելու համար Հայաստանից դիմել է քսանից ավելի պարող: Նա խոստովանեց, որ մեր մարզիկներին բավականին լուրջ մրցակցություն է սպասվում: «Արտերկրից մասնակիցները  շատ բարձր մակարդակ ունեն: Հայաստանում կլինի նաև աշխարհի չեմպիոն Արմեն Ծատուրյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը»,-շեշտեց Մխիթարյանը:

Առաջնության ժյուրիի անդամներին ընտրել է Սպորտային պարերի համաշխարհային ֆեդերացիան: Ժյուրիում ընդգրկված են բարձրակարգ մասնագետներ Վիետնամից, Չինաստանից, Գերմանիայից և այլ երկրներից:

Առաջնությունը Հայաստանում անցկացնելուն  աջակցել են բազմաթիվ կառույցներ ու հովանավորներ: Անմասն չի մնացել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` տրամադրելով 15 մլն դրամ:

armenpress.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: