12/07/2019

Այցելություն Հարսնաձոր՝ Շահանդուխտ արքայազնուհու մատուռ

Այցելություն Հարսնաձոր՝ Շահանդուխտ արքայազնուհու մատուռ


Գնացինք «Ուխտագնացություն Սյունիք» ծրագրով:

Գնացինք Սյունիքի մարզի ամենագեղեցիկ գյուղերից մեկով՝ Տանձատափով:

Գյուղում նախ եղանք Սուրբ Մինաս եկեղեցում, որը Սյունիքի մարզի հնագույն եկեղեցիներից է եւ, ըստ Սուրեն Վարդանյանի, կառուցվել է հեթանոսական տաճարի հիմքի վրա:

Գյուղից մինչեւ Սիպտակ աղբյուր (Սղնախով, ապա Հաչա քարի կողքով) գնացինք Տանձատափի վարչական ղեկավար Ռոբերտ Մուշեղյանի ամենագնացով:

Այնուհետեւ ճանապարհը շարունակեցինք ոտքով՝ երկնահաս Կարմիր քերծի ստորոտով. վերեւում՝ Մեծ քերծի ուղղությամբ՝ Ըրջամարգից մինչեւ Բարձրավան, Օվենի անտառն է:

Մեզ ուղեկցում էր մի քաջ տանձատափցի՝ Վազգեն Սաղաթելյան անուն, ով հրաշալիորեն տիրապետում էր այդ վայրերի ամեն մի արահետի:

Մենք նախ՝ իջանք Մեծ ձոր, ապա՝ վեր բարձրացանք:

Արահետը մի պահ կորցրինք. ըստ երեւույթին տարիներ շարունակ այդ կածաններով մարդ չի անցնել, ինչի հետեւանքով էլ արահետները ծածկվել են խոտերով, ծառի ճյուղերով, մոշի քոլերով: Բայց Վազգեն Սաղաթելյանն այնքան քաջատեղյակ էր տեղանքին, որ կարողացավ իր նախընտրած ուղիով (տեղ-տեղ ցաքատով ոտնատեղ բացելով) մեզ տանել բարձր լեռան այն լեզվակը, որի վրա 9-րդ դարում Շահանդուխտ արքայազնուհին մատուռ է կառուցել:

Տանձատափցիներն այդ վայրին Լաստ են անվանում:

Ըստ Վազգեն Սաղաթելյանի՝ դարեր շարունակ Շահանդուխտի մատուռն ամենաընդունելի պաշտամունքային վայրն է եղել տանձատափցիների համար:

Սակայն հետաքրքրությունը ժամանակի ընթացքում նվազել է:

Վերջին անգամ՝ 4-5 տարի առաջ, այդ սրբավայր է այցելել նշանավոր գորիսեցի, Տանձատափ գյուղի զավակ Սուրեն Վարդանյանը:

Իսկ համագյուղացի Մարիամ աքերը կամ Մարիամ բաջին (ինչպես վկայում է Վազգենը) ամեն տարի այցելել է Շահանդուխտի մատուռ՝ զրուցել Աստծո հետ, մոմ վառել, մատաղ արել:

Արդեն տասը տարի է՝ Մարիամ աքերը չկա…

Եվ միայն Մարիամ բաջին չէր, այլ այդ սերնդի գրեթե բոլոր տանձատափցիները, որ ամեն  տարի ուխտագնացություն էին կատարում Շահանդուխտի մատուռ:

Մոտ հինգ կմ ճանապարհ անցնելուց հետո հասանք Շահանդուխտի մատուռ:

Որոտան գետի աջ կողմին՝ Լաստ լեզվակի վրա գտնվող այդ սրբավայրը մոտ 4 X 5մ չափսեր ունի :

Երեւում է, որ կամարակապ է եղել:

Մոտ 1200 տարեկան խաչքարերից մի քանիսը դեռեւս պահպանվում են:

Բայց, ցավալիորեն, գանձագողերը նաեւ այդտեղ են հասել:

Մատուռի հատակը մի քանի տեղից փորել են հայ վանդալները…

Վերադարձին կանգ առանք Սիպտակ ջուր հրաշալի աղբյուրի մոտ, որտեղ երբեմնի պոմպակայանի հետքերն են միայն մնացել:

Ըստ երեւույթին Կարմիր քերծի ծոցից սկիզբ առնող այդ սառնորակ ջրից է ժամանակին օգտվել նաեւ Շահանդուխտ արքայազնուհու մենաստանը, որովհետեւ Սիպտակ ջրից մինչեւ Լաստ ոչ մի աղբյուր չկա:

Շահանդուխտի ժայռից մեր առջեւ բացվել էին Որոտանի անդնդախոր կիրճի անկրկնելի տեսարանները:

Մեր ոտքերի տակից երբեմն-երբեմն դուրս պրծնող քարաբեկորները մեծ դղրդյունով գլորվում էին դեպի անդունդի խորքերը:

Մոտ 10 կմ դժվարանցանելի ճանապարհը հաղթահարելուց հետո ֆիզիկապես այլեւս անկարող էինք ծանոթանալ Սղնախի միջնադարյան գերեզմանատեղիին կամ իջնել Տանձատափից 2 կմ հյուսիս գտնվող եկեղեցի:

Տանձատափից ուրիշ հմայք ուներ նաեւ Տաթեւի վանքը:

Տխուր էր միայն Արամազդի փեշերից սկիզբ առնող եւ Տանձատափով  հոսող Ճաղացի գետը, որ մի քանի տարի առաջ ամփոփվել է խողովակի մեջ՝ ինչ-որ  հէկ աշխատեցնելու նպատակով՝ գյուղը զրկելով լինելիության աստվածատուր այդ բարիքից (Ճաղացի գետը Աղանձու եւ Ճուղվանի գետակների խառնուրդն է):

Բայց որպեսզի ընթերցողին հասկանալի լինի Շահանդուխտի մատուռ-սրբավայրի ամբողջ էությունը, նպատակահարմար ենք գտնում ներկայացնել Ստեփանոս Օրբելյանի «Սյունիքի պատմություն» կոթողային գործի՝ Շահանդուխտ արքայազնուհու հետ կապված մեծ ու ահազդու հրաշքի մասին:

Ահա՝ «Ո’վ եղբայրներ, ցանկանում եմ ձեզ պատմել այն զարմանալի  հրաշքի մասին, որ այն ժամանակ եղավ աստվածային տնօրինությամբ: Աղվանքի գահերեց իշխան Վարազ Տրդատը մի դուստր ուներ՝ Շահանդուխտ անունով: Նրա կերպարանքն արտասովոր էր ու հրաշալի. չքնաղ գեղեցկությունը զարմանք էր պատճառում տեսնողներին: Ոչ ոքի չէր թվում, թե նա նյութեղեն է. այլ կարծես թե կերպարանավորված էր լուսատարր օդից ու նրբանուրբ շողերից: Նրան հարս խնդրեցին Թորգոմյան  տնից: Եվ նա դուրս ելավ իր աշխարհից, հայրենի տնից գնաց կին դառնալու հայ իշխանին: Մտնելով Բաղաց աշխարհը՝ անցնում էր ապահով տեղանքի ճանապարհով, մի ապառաժոտ վայրով, որտեղ մի քարաժայռի փլվածք էր՝ ահռելի խորությամբ,որն անդունդի նման ուղղված էր դեպի Տաթեւի մեծ հայրապետանոցի կողմը: Հենց այնտեղ թաքնված, ծվարած էին սուսերամերկ զորքի լեգեոնախումբ ջոկատներ, որոնք Շահանդուխտի    սքանչելի գեղեցկության պատճառով եկել էին Պարսկաստանից, հսկում էին ճանապարհների անցքերն ու կիրճերը, որ հափշտակեն այդ աղջկան:

Ուղեւորներն այդ բանին իրազեկ չէին: Զինված խմբերը հանկարծակի հարձակվեցին նրանց վրա եւ սրերը քաշած սկսեցին անխնա կոտորել (այս) քրիստոնյաներին: Ապա խորահավատ օրիորդն այս տեսնելով հասկացավ պատճառը եւ, տերունական խաչով երեսին խաչ հանելով, ձին մտրակեց ու թռավ քարաժայռի փլվածքը: Այս (տեղեկությունը) գտանք մի հնացած նամակում, որը իր իսկ՝ Շահանդուխտի ձեռքով էր գրված այսպես. «Ես՝ Քրիստոսի մեղավոր աղախին Շահանդուխտս, Վարազ Տրդատի դուստրս,  Թորգոմյան տունը հարս էի գնում. հասա Բաղքի սահմանները, այս քարաժայռի գլուխը, որտեղով ճանապարհն է անցնում: Ահա (այստեղ) ինձ հանկարծակի հանդիպեցին իսմայելացիները, որոնք իմ հռչակված գեղեցկության պատճառով կամենում էին ինձ հափշտակել: Նրանք սրերը քաշած կոտորեցին  ինձ հետ եղած հեծելագունդը: Եվ ես լավ համարեցի գայլաբարո այլազգիների ձեռքով կորչելու փոխարեն գահավիժումով մեռնել իմ Քրիստոսի համար: Եվ հիշելով սուրբ Աստվածածնին ու սուրբ Հռիփսիմեին՝ ինձ հանձնեցի սուրբ երրորդությանը. ողորմելի անձս խաչակնքեցի սուրբ խաչով եւ ձիու սանձը ետ դարձնելով՝ թռա քարաժայռից: Քամու ուժգին հոսանքով, աներեւույթ զորությամբ, կարծես թե կառքով իջա այս ձորի  խորխորատը, ձիս էլ հետս՝ անվնաս: Այնտեղ դադար առնելով՝ մեծ հիացումով խիստ գոհունակություն վերառաքեցի ինձ այդպես փրկողին եւ  այս անդորր տեղում իմ անձը  նվիրեցի Քրիստոսին. ուխտեցի այլեւս այստեղից դուրս չգալ մինչեւ կյանքիս վերջը: Իսկ իսմայելացիներն  այս տեսնելով մեծ զարմանքով անվնաս թողեցին իմ զորախմբի  (մնացած մասը) եւ գնացին: Ես էլ այստեղ շինեցի մի մատուռ ու մի խցիկ, որտեղ ճգնեցի կյանքիս (մնացած) ամբողջ ժամանակամիջոցում: Թեեւ ծնողներս ու հարսնածու իշխանները շատ թախանձեցին, բայց ես տեղիցս չշարժվեցի: Հրավիրելով Սյունյաց երանելի եպիսկոպոսին՝ ենթարկվեցի նրան եւ իմ  ամբողջ ունեցվածքը տվեցի նրա ձեռքը՝ կես մասը  բաժանելու կարիքավորներին, կեսն էլ տալու Տաթեւի սուրբ եկեղեցուն: Նաեւ սուրբ եկեղեցուն ավանդեցի այս տեղերը՝ ամբողջ ձորով հանդերձ, որ ընկած են Շնհերի սահմանից վեր, մինչեւ Գինակա գետը»: Եվ սա Շահանդուխտը հենց իր ձեռքով էր գրել: Նա մնալով այնտեղ իր մոտ է հավաքում ուրիշ կույսերի եւ տառապալից ճգնությամբ ապրելով երեսուն տարի՝ մեռնում է: Եպիսկոպոսը  գնալով թաղում է նույն տեղում սրբի երանելի մարմինը, որի բարեխոսությամբ  Քրիստոսը թող խնայի այս տունը եւ սրան բաժին  ընկած հարազատ հոտին»:

Հ.Գ. – 1 

Տանձատափ գյուղը գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվում է 906 թ.:

Տաթեւի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու նավակատիքին Սյունյաց գահերեց իշխան Աշոտը Տաթեւից մոտ 4 կմ հարավ-արեւելք գտնվող Տանձատափը նվիրել է Տաթեւի վանքին:

Գյուղից վերեւ Գազբոյլ եւ Կամբոյլ գագաթներն են, իսկ ամենավերեւում՝ Արամազդ լեռնագագաթը:

Հ.Գ.- 2

«Սյունյաց երկրի» խմբագրակազմը երախտագիտություն է հայտնում Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանին, Տանձատափի վարչական ղեկավար Ռոբերտ Մուշեղյանին եւ Հարսնաձորի արքա Վազգեն Սաղաթելյանին՝ Շահանդուխտ արքայազնուհու մատուռ մեր ուխտագնացությունը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

 

Սամվել Ալեքսանյան

 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: