10/18/2019

Անկախության տոնին 15000 մարդ գնաց Գյումրի, սակայն այդ օրը տպվել է նույնքան ՀԴՄ, որքան 15 օր առաջ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Անկախության տոնին 15000 մարդ գնաց Գյումրի, սակայն այդ օրը տպվել է նույնքան ՀԴՄ, որքան 15 օր առաջ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Հայաստանում ստվերի դեմ պայքարի հետ կապված ունենք և՛ լավ, և՛ վատ նորություններ: Այս մասին «Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն. ընկալումը և գործարկումը» գիտագործնական խորհրդաժողովում այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, թե լավ նորությունն այն է, որ Արժույթի միջազգային հիմնադրամն իր վերջին զեկույցներից մեկում արձանագրել է, որ եթե Հայաստանում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը 0.3%-ի շարժ ունենա, ապա դա ստվերի կրճատման տեսանկյունից կհամարվի լավագույն հաջողություն Հայաստանի համար:


«Այսօրվա դրությամբ մենք հարկեր-ՀՆԱ ցուցանիշը բարելավել ենք մոտավորապես 1.2%-ով, այսինքն՝ Արժույթի միջազգային հիմնադրամի լավագույն ռեկոմենդացիայից 4 անգամ ավել. կան ակնհայտ փաստեր, որոնք վկայում են, որ ստվերի կրճատման հետ կապված մենք աննախադեպ իրավիճակներ ունենք»,- ասաց նա:

Վարչապետն անդրադարձավ նաև վատ նորություններին՝ նշելով, որ դրանք վերաբերում են վարքագծային բաղադրիչին: Նա նշեց, որ դժվար է վարքագիծ փոխելը և որպես օրինակ բերեց Գյումրին:

«Այս տարի Անկախության օրվա տոնակատարությունները տեղի ունեցան Գյումրիում, սեպտեմբերի 21-ին 15000 մարդ գնաց Գյումրի: Նրանք, ովքեր եղել են Գյումրիում այդ օրը, կարող են վկայել, որ ռեստորաններում, սրճարաններում շատ մեծ շարժ կար։ Ինձ համար հետաքրքիր էր, թե Գյումրիում սեպտեմբերի 21-ին առևտուրն ինչ շարժ էր արձանագրել։ Պարզվեց, որ նույն քանակի ՀԴՄ կտրոն է տպվել, ինչ նախորդ օրերին»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սեպտեմբերի 21-ին Գյումրիում առևտրի ծավալն ավելացել էր ընդամենը 10 մլն դրամով, բայց տպված ՀԴՄ-ների թիվը չէր փոխվել 15 օր առաջվա համեմատ:

«Սա իրականում վատ նորություն է: Ես, գործընկերություն ասելով, սա նկատի ունեմ: Գյումրիում մեր գործարարներն իմացել են, որ այդ օրը հարկայինն այդտեղ ոչ մի բան չի անելու, «ռեյդ» չի լինելու: Կառավարությունն իր գործողություններով այդպիսի մասշտաբային միջոցառում է իրականացրել, որը Գյումրիի բիզնեսի համար մի հնարավորություն է, որի հետևանքները մինչև այսօր էլ նկատվում են, բայց այդ բիզնեսն իր կողմից կես քայլ պե՞տք է անի, թե՞ չանի»,- հայտարարեց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ գործընկերության տրամաբանությունը շատ կարևոր է, և տնտեսական հեղափոխությունը չի կարող լինել մենախոսություն, դա պետք է երկխոսություն լինի: «Այդ նույնն է, որ Գյումրիից քայլում էինք, քայլեինք գայինք ու ոչ մի արձագանք էլ չլիներ, կգնայինք տուն»,- ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ ՀԴՄ-ներ տպելու հետ կապված, այդուհանդերձ, լավ նորություն կա: «2019–ի առաջին 8 ամիսներին, նախորդ տարվա տվյալների համեմատ, 75 մլն հատ ավել տպված ՀԴՄ կտրոն ունենք, 10 ամիսների ընթացքում այդ թիվը հասել է 85 մլն-ի: Այսինքն՝ դինամիկան կա և այստեղ լավ նորությունն առկա է»,- շեշտեց նա:

tert.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2019 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: