07/13/2020

Մեղրիում սկսվել է ոռոգման ջրի մատակարարման տարեշրջանը

Մեղրիում սկսվել է ոռոգման ջրի մատակարարման տարեշրջանը

 Նախորդ տարվա համեմատ այս գարունը փոքր-ինչ ուշացումով մտավ  իր իրավունքների մեջ, բայցեւայնպես  գարնան-գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկն է, ինչպես նաեւ ոռոգման ջրի մատակարարման։ Այս վերջինի մասով զրույց ունեցանք   «Սյունիք» ջրօգտագործողների ընկերության գործադիր տնօրեն Գոռ Բարսեղյանի հետ։ Առաջին տեղեկությունը, որ իմացանք կառույցի ղեկավարից, այն էր, որ մարտի 25-ից նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում, որպեսզի ապրիլի 1-ից ջուր մատակարարվի Մեղրու տարածաշրջանի ջրօգտագործողներին։ Մարզում հենց  մեղրեցիներն են առաջինը ջուր ստանում` կապված Մեղրու շրջանի բնակլիմայական պայմաններով եւ դրանով պայմանավորված գարնան-գյուղատնտեսական աշխատանքների վաղ մեկնարկով։ Տարածաշրջանում ոռոգելի է 486.5 հեկտար հող, որոնք հիմնականում գտնվում են Մեղրի եւ Ագարակ, Կարճեւան, Ալվանք, Շվանիձոր, Նռնաձոր բնակավայրերում, ջրօգտագործողների  թիվը 1362 է։ Այստեղ ավանդաբար զբաղվում են հողագործությամբ, ուստի  ջրօգտագործողների թիվը միշտ կայուն է։ Մի քանի տարի առաջ  տարածաշրջանում ներդրվեց ոռոգման ջրի մատակարարման ինքնահոս եղանակ, բայց դա արդարացնում է այն դեպքում, երբ Մեղրի գետում ջուրը բավարար է, իսկ ահա ամռան ամիսներին, ինքնահոս ջրամատակարարումը չի ծառայում իր նպատակին (Մեղրի գետի սակավաջրության պատճառով), ուստի ոռոգման ջուրը մատակարարվում է Արաքս գետից։ Վերջինիս տղմոտ եւ  պղտոր ջուրը շարքից հանում է պոմպերի շարժիչները։ Խնդիրը մեկ լուծում ունի` տարածաշրջանում կառուցել ջրամբար, որն անխափան կդարձնի ոռոգման ջրի մատակարարումը։ Այդ մասին (ջրամբարի կառուցում) խոսվում է տարիներ ի վեր, բայց գործնականում ոչ մի արդյունք...

Ոռոգման ջրի մատակարարման ոլորտում քիչ խնդիրներ չեն կուտակվել, ո՞րն է նեղ վիճակից դուրս գալու ելքը. «Ինչպես գումարներ ներդրվեցին ճանապարհաշինության մեջ, այնպես էլ ոռոգման ջրի մատակարարման համակարգում ներդրումներ պիտի լինեն, այլապես եղածն  էլ կկորցնենք, ներդրումներ խողովակաշարերի, ջրամբարների նորոգման նպատակով։ Ճշմարիտն ասած՝ խողովակաշարերն այլեւս նորոգման կարիք չունեն, որովհետեւ մաշվել են թե ներսից, թե դրսից։ Նրանք արդեն փոխարինման ենթակա են։ Երբ ՛խողովակաշարը կլոր տարին է աշխատում, նրանով ջուր է հոսում, այն ավելի ուշ է շարքից դուրս գալիս, քան այն դեպքում, ասենք, ձմռան ամիսներին խողովակաշարը, հարկադիր պարապուրդի է մատնվում», - բացատրում է մեր զրուցակիցը։

Մոտ մեկ տարի առաջ կառույցի ղեկավարությունը ստանձնած Գոռ Բարսեղյանին տխուր ժառանգություն էր բաժին հասել, խոսքը կուտակված պարտքերի մասին է։ Ի՞նչ է փոխվել այդ ոլորտում. «Երբ ստանձնեցի ընկերության ղեկավարությունը, աշխատավարձի մասով յոթ ամսվա պարտք էր կուտակվել, մոտ ապագայում աշխատավարձի պարտք չենք ունենա, խնդիրներ կան պահեստամասերի, վառելիքի ձեռք բերելու առումով, ընդհանրապես այդ խնդիրները քննարկել ենք ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության  ջրային կոմիտեի նորանշանակ նախագահ Կարեն Սարգսյանի հետ։ Նոր ղեկավարի հետ սերտ համագործակցելով, նպատակ ունենք ընկերությունը հանել նեղ վիճակից»։

Սյունիք ջրօգտագործողների ընկերությունը ոռոգման տարեշրջանում ունենում է 135 աշխատակից, միջին աշխատավարձը` 120.000 դրամ, սպասարկում է մոտ 1500 հա տարածություն, բաժանորդների թիվը` 5100։ Ընկերությունն ունի 16 պոմպակայան, երկու խորքային հոր, յուրաքանչյուր պոմպակայանին կցված է երկուական ջրբաշխ։

Կար ժամանակ, երբ Կապանի տարածաշրջանում  գործող Գեղի-Եղվարդ ջրատարը ջուրը հասցնում էր Ագարակ-Եղվարդ-Ուժանիս բնակավայրեր։ 2005-06 թվականներին ոռոգման ջուր մղող պոմպը խափանվելուց հետո (գտնվում է Դիցմայրի բնակավայրում), այդ բնակավայրերն այլեւս ոռոգման ջուր չստացան...

«Մեր հիմնական գործը մեր գյուղերը կանգուն պահելն է։ Մենք էլ գյուղացուն կարողանում ենք օգտակար լինել ոռոգման ջուր տալով։ Ամեն ինչ պիտի արվի, որ մարդ ամուր  կանգնի հողին, իր բնակավայրը չլքի, գյուղը չդատարկվի։ Մեր օրերում ամոթ բան է, երբ գյուղացին կարտոֆիլ է գնում կամ Բռնակոթից կարտոֆիլ է բերում եւ Կապան համայնքի բնակավայրերում վաճառում կամ փոխանակում է այլ գյուղմթերքի հետ։ Դա նույնն է, ինչ գյուղացին լավաշ չի թխում, գյուղի թոնիրներից ծուխ չի բարձրանում, լավաշի բույրը չի տարածվում շուրջ բոլորը կամ գյուղատնտեսական նշանակության հողերը մնում են ամուլ։ Գյուղաբնակ մարդը գոնե ինքն իրեն պիտի ապահովի։ Եթե գյուղի թոնրում թխված լավաշ ու մածուն չուտես, համարիր, որ այդ գյուղը չկա», -զրույցն այսպես ամփոփեց Գոռ Բարսեղյանը։

Վահրամ Օրբելյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: