04/09/2020

Մարտական խնդիրներում չներգրավված զորամասի 3 զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. նախարար

Մարտական խնդիրներում չներգրավված զորամասի 3 զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս. նախարար

Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Այս մասին իր պարզաբանման մեջ նշել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

«Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից` նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը», - հայտնել է նախարարը։

Նրա խոսքով` զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։ Զինծառայողներից մեկի մոտ առկա է ջերմության թույլ բարձրացում, իսկ երկուսը չունեն ջերմություն և հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներ:

«Հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով զինծառայողներին բարձրորակ և արդյունավետ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Միաժամանակ պարզված է զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես նախորոշված առանձնացված տարածքներում։ Նրանց նկատմամբ նույնպես սահմանված է ամենօրյա խիստ հսկողություն, և ապահովված են անհրաժեշտ պայմանները։ Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:

Տվյալ զորամասում, որը տեղակայված է առաջնագծից զգալի հեռավորության վրա, հայտարարված է զորանոցային դրություն, ձեռնարկված են ամենախիստ հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է բժշկական մշտադիտարկում։

Միաժամանակ հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Պաշտպանության բանակում առ այսօր կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով որևէ դեպք չի արձանագրվել», - հավելել է պաշտպանության նախարարը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք պայմանագրային զինծառայողներից:

https://www.azatutyun.am/

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2020 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: